ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ողջունելով դեսպանին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ վրացի ժողովուրդների հարաբերությունները, կարեւորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի, անհրաժեշտ համարել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, առանձնակի նշանակություն վերապահել միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է անվտանգության ապահովմանն ուղղված Վրաստանի դերակատարությունը՝ ընդգծելով, որ ցանկացած անկայունություն կործանարար կարող է լինել բոլոր կողմերի համար:
Դեսպան Գիորգի Սագանելիձեն եւս ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ անկախ դրանց տարբերություններից:
Կողմերն անհրաժեշտ են համարել զարգացնել եւ ամրապնդել երկու երկրների կապերն ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ այլ ոլորտներում: Առանձնապես կարեւորվել է էներգետիկ բնագավառում փոխգործակցության ամրապնդումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն տեղեկացրել է, որ ամռան ամիսներին պաշտոնական այցով Հայաստան է նախատեսում այցելել Վրաստանի խորհրդարանի նախագահը: