ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մարտի 25-ին հյուրընկալել է երիտասարդության հարցերով զբաղվող մի խումբ ներկայացուցիչների:
Հանդիպման նպատակն էր լսել խնդիրներն ու առաջարկները, մշակել բնագավառը կանոնակարգող օրենսդրական կարգավորումներ:
Պատգամավորը նշել է, որ երիտասարդությունը հասարակության ամենաընկալողունակ ու ամենակտիվ հատվածն է եւ երկրի զարգացման ու առաջընթացի հիմնական շարժիչ ուժն է: Ըստ նրա՝ երիտասարդ աշխատողները, գործազուրկները, ուսանողները, սահմանափակ կարողություններ ունեցողները պետության կողմից հատուկ հոգածության կարիք ունեն:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցությամբ ստեղծել համագործակցության հարթակ՝ երիտասարդության խնդիրներն օբեկտիվորեն արձանագրելու, գնահատելու եւ դրանց շուրջ աշխատելու համար:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում մտքեր են փոխանակվել նաեւ երիտասարդության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ: Աննա Կոստանյանը կարեւորել է հստակ քաղաքականություն ունենալը, որն այս պարագայում դեռեւս բացակայում է: Նա վստահեցրել է, որ կպահպանի կապը երիտասարդների հետ եւ կբարձրաձայնի երիտասարդության խնդիրները: