Հայաստանի մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ, որոնք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի մասնակիցներ են, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 27-ին այցելել են Ազգային ժողով: Հյուրերը հետեւել են խորհրդարանի նիստի աշխատանքներին:
Նրանց հետ հանդիպել եւ Բաց դասը վարել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Գայանե Աբրահամյանը եւ Էդգար Առաքելյանը:
Գայանե Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում, քանի որ այստեղ են կայացվում քաղաքական ամենապատասխանատու որոշումները: Պատգամավորն անդրադարձել է երկրի զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, պատգամավորի գործունեությանը վերաբերող հարցերի:
Անուշ Բեղլոյանը ներկայացրել է օրինաստեղծ աշխատանքը, խոսել խորհրդարանական գործունեության ընթացքում բանավեճի արդյունավետության մասին, կարեւորել անկախության եւ պետականության գաղափարը, սեփական ուժերով նպատակներին եւ ձգտումներին հասնելը:
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հորդորել է դպրոցականներին լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ ընտրած ոլորտում դառնալ լավագույն մասնագետ:
Մտերմիկ ու անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտները բարձրացրել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են սոցիալական եւ կրթական ոլորտներին:
Հանդիպման ավարտին հյուրերը ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում լուսանկարվել են պատգամավորների հետ: