Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի 6-րդ նիստը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը նախագահող Աստղիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ ապրիլի 12-15-ը երիտասարդ խորհրդարանականները մասնակցել ենգրողների ամենամյա հավաքին եւ քննարկումների արդյունքում մրցանակակիր ճանաչել երիտասարդ բանաստեղծ Հուսիկ Արային: Երիտասարդների շրջանում ծրագրեր իրականացնող լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը:
Երիտասարդական խորհրդարանի 6-րդ նիստի օրակարգը հերթական նախագահող Ժաննա Միրզոյանի կողմից ներկայացվելուց եւ հաստատվելուց հետո նախագահողը ներկայացրեց նախորդ նիստից հետո Երիտասարդական խորհրդարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Նիստում քննարկված հիմնական հարցըվերաբերում էր Սահմանադրական բարեփոխումներին. երիտասարդ խորհրդարանականԱրմինե Խառատյանը ներկայացրեց կոալիցիայի եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի համատեղ ներկայացրած նախագիծը, իսկ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը` ՄԱԿ խմբակցության նախագիծը: Բանախոսները սահմանադրական փոփոխությունները պայմանավորեցին ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ ազատությունների ամրագրման, իշխանության թեւերի տարանջատման, երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցության մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությամբ:
Երիտասարդ խորհրդարանականների ոգեւորությունն ու իրազեկությունը առաջարկվող սահմանադրական փոփոխություններին արտահայտվեցին բազմաբնույթ հարցադրումներով, որոնք ոչ միայն պարզաբանման նպատակ ունեին, այլեւ ընդգծված վերաբերմունք այս կամ այն խնդրին: Դրանք վերաբերում էին կրթությանը, պատգամավորների գործունեության սահմանափակումներին, երկքաղաքացիությանը, իշխանությունների ձեւավորմանը, նրանց տարանջատմանն ու հավասարակշռմանը:
Նիստում քննարկվեց նաեւ անհարգելի բացակայած երիտասարդական խորհրդարանականների բացակայության հարցը եւ որոշվեց, համաձայն կանոնակարգի, դադարեցնել նրանց մասնակցությունը Երիտասարդական խորհրդարանի հետագա աշխատանքներին: