ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի եւ Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերությունների հարցերով վարչության պետի տեղակալ Ալիա Սախարիեւայի հետ:
Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Ղազախստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչն առաջարկել է առավել ակտիվացնել համագործակցությունն «Իմ քայլը» կուսակցության հետ:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել երկու կուսակցությունների միջեւ փոխադարձ կապերի ընդլայնման գործում: Լիլիթ Մակունցն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքներին՝ կարեւորելով երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցությունը:
Վաղարշակ Հակոբյանն առաջարկել է համագործակցել խորհրդարանական բազմակողմ ձեւաչափերում: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Ղազախստան:
Անդրադառնալով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգին` զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական համագործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ: