ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Սեւանի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, թեման համարելով օրակարգային, նշել է, որ անհրաժեշտ է մասնագետների հետ համատեղ հստակեցնել իրավիճակը, բարձրաձայնել առկա խնդիրները, հանդես գալ համապատասխան լուծումներ պահանջող առաջարկներով եւ նախանշել ձեռնարկվող հետագա քայլերը:
ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Յուրի Ջավադյանը բավականին ծանր է գնահատել լճի առկա վիճակը: Անդրադառնալով պատճառներին՝ բանախոսն ընդգծել է աղբահանության համակարգի բացակայությունը: Նա անդրադարձել է նաեւ լճի ջրավազանի մաքրման աշխատանքների իրականացմանը եւ դրանց ֆինանսավորմանը:
ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, կարեւորելով քննարկումը, առաջարկել է ձեւավորել համապատասխան մասնագետների մշտադիտարկող խումբ, որը պատկան մարմիններին պարբերաբար կներկայացնի լճի հետ կապված դիտարկումների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փորձագետ, «SOS Սեւան» նախաձեռնության անդամ Լուսինե Համբարյանը ներկայացրել է լճի որակին եւ ճահճացմանը վերաբերող վերլուծությունը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին երկու տարիների ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ ցիանոբակտերիաները բավականին լուրջ դեր են ունենում լճի էկոլոգիական իրավիճակի վատթարացման գործում: Նրա բնորոշմամբ՝ էկոհամակարգը ծայրահեղ աղտոտված է:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը մանրամասնել է Սեւանա լճին վերաբերող առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշել է, որ ափամերձ տարածքներում, լողափերում իրականացվում է ջրի որակի լաբորատոր հետազոտություն եւ մշտադիտարկում: Նա տեղեկացրել է, որ ներկայում ջրի մեջ որեւէ թունունակություն չկա:
Բնապահպան Կարինե Դանիելյանը խոսել է ճահճացման խնդիրներից եւ հորդորել զբաղվել լճի ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներով:
Ելույթներում անդրադարձ է կատարվել նաեւ Սեւանի մաքրման հնարավոր տարբերակներին, մեխանիզմներին:
Բանախոսներին ուղղված հարցերը վերաբերել են ջրբացթողումների կարգավորմանը, «Սեւան» ազգային պարկի կատարած աշխատանքներին, ձկնաբուծությանը, հանգստյան գոտիներին: