ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին կայացած հերթական նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Հանձնաժողովը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի ներկայացմամբ քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները դարձնել համարժեք, ինչպես նաեւ վերացնել ստեղծված անպատժելիության մթնոլորտը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը հանձնաժողովականներին տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ եղել է աշխատանքային քննարկում, որի արդյունքում նախագծերի փաթեթը լրամշակվել է եւ արդեն իսկ ներկայացվում է փոփոխված տարբերակը:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է քրեականացնել ՀՀ-ում կենդանիների խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը:
Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսեւորումներով եւ հանգեցրել դրանց ոչնչացմանը կամ խեղմանը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի մշակման փուլում ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունելի են հեղինակների կողմից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ հանձնաժողովականները քննարկել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նույն օրենսգրքում առաջարկում է կատարել մեկ այլ փոփոխություն եւս, որով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին առաջարկվում է ճանաչել հարկային մարմինը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է, իսկ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունից եւ երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մեկ այլ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ հիմնական զեկուցող Արման Բաբաջանյանի, միտված է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքն առավել արդյունավետ եւ հաշվետվողական դարձնելուն, ինչպես նաեւ հանձնաժողովների դերի բարձրացման անհրաժեշտությամբ:
Պատգամավորը նշել է, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո որեւէ գործուն քայլ չի կատարվել խորհրդարանի դերի բարձրացման ուղղությամբ: Հեղինակների համոզմամբ՝ այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է սկսել խորհրդարանի կառուցվածքային հիմնական միավորներից՝ մշտական հանձնաժողովներից:
Հանձնաժողովականները օրինագծին տվել են դրական եզրակացություն, պայմանով, որ այն իրենց առաջարկների հիման վրա կվերախմբագրվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ներկայացված օրինագծերին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել տասնվեց տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հանձնաժողովը նիստը կշարունակի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին: