ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Դրանց վերաբերյալ եղել են հեղինակների կողմից ընդունելի տեխնիկական բնույթի առաջարկներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով հեղինակն առաջարկում է հնգօրյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին:
ՀՀ կառավարությունն առաջարկել է հնգօրյա ժամկետը դարձնել տասը օր, իսկ երեսուն օրը թողնել անփոփոխ: Առաջարկը չի ընդունվել հեղինակի կողմից: Քննարկման արդյունքում Սերգեյ Բագրատյանն առաջարկել է հինգ օրը դարձնել տասը, իսկ երեսուն օրը՝ քսան: Նախագիծը դրական եզրակացություն է ստացել հեղինակի առաջարկով լրամշակված տարբերակով:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացմամբ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ եղել են աշխատանքային քննարկումներ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների հետ:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ քննարկումների ընթացքում հնչել են մի շարք խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունելի են եղել:
Փոփոխության է ենթարկվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի մի քանի դրույթներ: Մասնավորապես, հանձնաժողովի անդամներից 2-ին հնարավորություն կունենան առաջադրել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, իսկ հանձնաժողովի նախագահը կընտրվի անդամների առաջադրմամբ: