Տպել
25.09.2019
Քննարկվել են իրավական ոլորտին առնչվող օրինագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին հրավիրած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ նախաձեռնության նպատակը ՍԴ-ում ընթացող գործընթացների թափանցիկության երաշխավորումն ու դատարանի նկատմամբ վստահության ապահովումն է: Նախագծի ընդունումն Ազգային ժողովին թույլ կտա ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքով նախատեսված կարգով դարձնել ՍԴ քննության առարկա: Ըստ բանախոսի՝ աշխատակարգային որոշման մեջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից թույլ են տրվել էական կարգապահական խախտումներ: Նշվել է, որ Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ եւ զբաղեցրել մի շարք առանցքային պաշտոններ: ՀՀԿ-ն փոխակապակցված շահեր է ունեցել ՍԴ դիմումատու Ռոբերտ Քոչարյանի հետ, նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է նրան: 2018 թվականին, երբ հարուցվել է քրեական գործ, ԱԺ ՀՀԿ խմբակցության մի շարք անդամներ ներկայացրել են երաշխավորագիր՝ նախկին նախագահի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Հրայր Թովմասյանը տարբեր կարծիքներ է հրապարակել «Մարտի մեկի» գործի վերաբերյալ: ՍԴ որոշման մեջ չի նշվել նաեւ որեւէ դատավորի՝ գործին մասնակցելու անհնարինության մասին, ինչպես նաեւ չի նշվել՝ արդյոք դատավորներից որեւէ մեկի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցն առհասարակ քննարկվե՞լ է, թե ոչ:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն  ուղղարկել է գրություն, որում նշել է իր դիրքորոշումը՝ ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Հիմնական զեկուցողը նաեւ նշել է, որ առկա էր ՍԴԱՈ59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունված գործի քննությանը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի մասնակցելու անհնարինության հիմք՝ պայմանավորված գործով դիմումատու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքով:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահն աննախադեպ իրողություն է համարել օրենսդրական նախաձեռնության ընդունումը: «Առաջին անգամ խորհրդարանը, առաջնորդվելով Սահմանադրությամբ եւ օրենքներով, ներկայացրել է աշխատակարգային խախտման վերաբերյալ դիմում»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ գործընթացը քաղաքական է, բայց ոչ քաղաքականացված:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել նախագծին: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները կողմ են քվեարկել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝  ձեռնպահ:

Նշվել է նաեւ որ հերթական նիստերի ընթացքում Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ առաջարկվող փոփոխությամբ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է: Հստակեցվել  են նաեւ անձի կողմից դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ կապված հարցերը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով փորձ է արվում ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը: Նախաձեռնության ընդունմամբ՝ 14 անդամ ունեցող խմբակցությունը կարող է ունենալ մինչեւ 5 փորձագետ: Հանձնաժողովականները հիմնականում կողմ են արտահայտվել նախագծի գաղափարին: Ընդգծվել է մտավոր ներուժը ավելացնելու կարեւորությունը:

Կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու եւ ստանալու հետ կապված հարցերը:  Նշվել է, որ  նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում եւ զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից:

Քննարկված նախագծերին պատգամավորները տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ  առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  մասին օրենքի նախագծի քննարկումը:

Քննարկել  է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նույնանուն երեք օրենսդրական նախաձեռնություն, որոնցով առաջարկվում է դատաիրավական համակարգում ծանուցումներն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը կողմ է նախագծերի բովանդակությանը, սակայն փաստացի պաշտոնական էլեկտրոնային համակարգ ներդրված չէ: Ըստ փոխնախարարի՝ այդ ուղղությամբ միջազգային կառույցների հետ տարվում են աշխատանքներ: Նա նաեւ նշել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք:

Քննարկման արդյունքում Նիկոլայ Բաղդասարյանը շրջանառությունից հանել է նախագծերը մինչ համակարգի տեխնիկապես պատրաստ լինելը: 
 


27.06.2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկ...

27.06.2024
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, որի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթերը՝ հայ պատգամավորներին
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին: «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնա...

27.06.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում էր
Լատվիայի Հանրապետությունում ԱԺ նախագահը հանդիպել է Սեյմի խոսնակին, երկրի նախագահին ու արտաքին գործերի նախարարին: Հանդիպումների առանցքում խորհրդարանական կապերն էին, տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը բոլոր ուղղություններով:   ...

27.06.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակն...

27.06.2024
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո' նախագահ, հարգելի' զեկուցողներ, հարգելի' գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, ո...

27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա'ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բ...