ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանն ու խմբի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են կանադահայ գործարարների հետ, որոնք մեր երկրում են Հայաստան-Սփյուռք գործակցության համաժողովի շրջանակում:
Արման Եղոյանը կարեւորել է հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացումն ու կանադահայ գործարարների հետ գործակցության ընդլայնումը: Նշվել է, որ ներկա դրությամբ գործում են 45 համատեղ ձեռնարկություններ:
Կանադահայ գործարար Հրաչ Գասպարին անհրաժեշտ է համարել Հայաստանում ներդրումների խթանումը: Նա ներկայացրել է տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները, ընդգծել գործարար ոլորտի, հատկապես` ներդրումային քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Հյուրերը կարեւորել են Հայաստանում Կանադայի դեսպանատուն ունենալը, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա տեղեկացված լինել ներդրումների մասին, մեր երկրի տնտեսության զարգացման ընթացքին:
Հանդիպման ընթացքում շեշտադրվել է ՏՏ ոլորտում համագործակցությունը, միջազգային փորձի ներդրումը:
Հրաչ Գասպարիի տեղեկացմամբ՝ կանադահայ գործարար համայնքը պատրաստակամ է աջակցել Նոր Հայաստանի տնտեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը: