Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Գեւորգ Պապոյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել եկամտային հարկին վերաբերող Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերին:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքումե փոփոխություն կատարելու վերաբերյալ» օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակների հիմնավորման համաձայն՝ գործող օրենսգրքով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է միայն վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով: Նման պայմանագրերով աշխատողների նկատմամբ չկա որեւէ տարբերակում` ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:
Գլխադասային հանձնաժողովի նախագահն առաջարկվող փոփոխությունը համարում է խնդրահարույց՝ նաեւ գործնականում կիրառելու տեսանկյունից: Ըստ նրա՝ առաջարկությունը որեւէ ձեւով չի կարող նպաստել չգրանցված աշխատողների գրանցմանը: Բացի այդ, եթե քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողը խզում է պայմանագիրը, պետության համար խնդրահարույց է դառնալու եկամտահարկի վերադարձման հարցը:
Անդրադառնալով նույն խմբակցության հեղինակած մեկ այլ մերժված օրենսդրական նախաձեռնությանը՝ որով առաջարկվում է հանել Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման արժեքի 55 մլն դրամ սահմանափակումը, Բաբկեն Թունյանը նշել է, որ իրացման շրջանառության իրական ծավալները թաքցնելու երեւույթի դեմ պետք է պայքարել ոչ թե շեմը հանելու կամ բարձրացնելու միջոցով, այլ՝ հարկային վարչարարության գործիքակազմով՝ հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հարկերի վճարումից խուսափելուն:
Պատգամավորները նաեւ նշել են, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մի շարք նախագծեր ստացել են դրական եզրակացություններ տարբեր հանձնաժողովներում:
Բանախոսները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: