Տպել
06.11.2019
Քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վարազդատ Կարապետյանը եւ խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը խոսել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Իրանը Հայաստանին եւ հայ ժողովրդին մշտապես կարող է դիտարկել որպես լավագույն դաշնակից եւ անկախ կրոնական պատկանելիությունից՝ խաղաղության տարածողը աշխարհում: «Մեր երկու երկրներն էլ աշխատում եւ պայքարում են կայուն խաղաղության համար եւ սա մեր ժողովուրդների պատմական առաքելությունն է՝ աշխարհին ցույց տալու, որ այս տարածաշրջանում մենք կարող ենք ապրել  որպես եղբայրներ»,-ասել է Վարազդատ Կարապետյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը:

Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Խորհրդարանականները պայմանավորվել են ավելի հաճախակի դարձնել հանդիպումները՝ հատկապես բարեկամական խմբերի մակարդակում, ինչպես նաեւ մշակել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...