ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարեւորագույն պետություն է եւ կարեւորագույն գործընկեր: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական խորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Խորհրդարանականները կարեւորել են տարածաշրջանում անվտանգությունը եւ կայուն խաղաղության հաստատումը:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հիմնահարցի կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը եւ կարեւորել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին նշել է, որ Իրանում հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրական գնահատում հեղափոխությունից հետո իրականացվող փոփոխությունները:
Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարանականների դերը համագործակցության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացման կապակցությամբ: