Տպել
18.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

Շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ բավական լուրջ եւ գործընկերային հարաբերություններ կան, ինչի մասին են վկայում վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի ակտիվ փոխայցերը: Աժ նախագահը ողջունել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող կամ տեխնիկական աջակցություն ստացող զանազան ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը եւ Հայաստանի զարգացմանն առհասարակ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ որեւէ հետքայլ չի լինելու այս առումով: Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է նաեւ իր ջանքերը՝ համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղղությամբ եւ այս առումով կարեւորել է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Աժ նախագահը ողջունել է Բունդեսթագի տարբեր պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ լավ հնարավորություն է՝ տեղում խնդրին ծանոթանալու եւ ընդգծել է, որ անկախ ԼՂ խնդրի լուծված չլինելուն՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները:

Կողմերը խոսել են կրթական զանազան ծրագրերի, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված լավ ավանդույթների մասին: «Վստահ եմ, որ մեր երկրների եւ մեր խորհրդարանների միջեւ հարաբերությունները կշարունակեն կտրուկ զարգանալ եւ Դուք Ձեր ավանդը կունենաք այդտեղ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար, նշել, որ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ աշխատելու համար: «Լիահույս եմ, որ կշարունակենք մեր լավ համագործակցությունը: Դուք նշեցիք գերմանա-հայկական համագործակցության մեծ ներկապնակ, որին ես եւս կցանկանամ անդրադառնալ: Դուք իրավացիորեն նշեցիք արդյունավետ համագործակցության մասին, որը է՛լ ավելի է զարգացել Թավշյա հեղափոխությունից հետո: Դուք նշեցիք նաեւ բարձրաստիճան այցերի մասին, որոնք ավելի են ամրապնդել կապերը»,- ասել է դեսպանը՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Գերմանիայի Դաշնային հանրապետության նախագահի այցը Հայաստան: Միխայել Բանցհաֆը նշել է, որ իր կարճատեւ այցի ընթացքում արդեն տեսել է, թե որքան մեծ է հայ ժողովրդի կամքը՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, իսկ այդ բարեփոխումների ընթացքում մեծ դեր է վերապահված խորհրդարանին, եւ Գերմանիան պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պատգամավորներին: «Կարծում եմ, որ մոտ ապագայի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական լի է, բավական ծանրակշիռ եւ թույլ կտա մեզ արդյունքներ գրանցել: Ուրախալի է Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական կուրսը, ժողովրդավարական բարեփոխումները. դա Հայաստանը մեկ աստիճանով բարձրացնում է համաշխարհային հարթակի վրա գտնվող տարբեր պետություններից, որտեղ միտումները ավելի ավտորիտար համակարգին անցումն է: Հայաստանը ներկայի այն եզակի օրինակներից է, որը հաստատակամորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով եւ որը արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը:


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...