ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում գտնվող ռուսական մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող բարեփոխումներով, այդ թվում` ներդրումներով եւ այլն:
Անդրադառնալով ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության հարցերին՝ խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են եւ այս համատեքստում շեշտել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության կարեւորությունը: Ալեն Սիմոնյանը նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ եւ հաջողությամբ համագործակցում են խորհրդարանական տարբեր ձեւաչափերում:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող խնդրին՝ Ազգային ժողովի փոխխոսնակն ընդգծել է, որ հարցը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով եւ նշել, որ իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնն է, ինչ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:
Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է իշխանության որդեգրած ներդրումային միջավայրի բարելավմանը միտված քաղաքականությանը: