ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին հրավիրված նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությանը:
Բարեկամական խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը հանձնաժողովը կներկայացնի ՀՀ ԱԺ խորհրդին:
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ նման բարեկամական պատգամավորական խումբ նախատեսվում է ստեղծել նաեւ Ուզբեկստանի խորհրդարանում:
Պատգամավորները վստահություն են հայտնել, որ ստեղծվելիք բարեկամական խմբերը կնպաստեն երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի /PARLACEN/ միջեւ համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը: Հանձնաժողովն իր այս որոշումը նույնպես կներկայացնի ՀՀ ԱԺ խորհրդին:
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ PARLACEN-ը Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային խորհրդարան, որի պատվիրակներն ընտրվում են տվյալ երկրի քաղաքացիների կողմից՝ ուղիղ, ոչ այնպես, ինչպես ընտրվում են Եվրոպական խորհրդարանի պատվիրակները:
Ըստ հանձնաժողովի անդամների՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումը կարող է լավ հնարավորություն լինել՝ խորացնելու համար Հայաստանի եւ Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանականների միջեւ կապերն ու համագործակցությունը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամսով: