Տպել
30.01.2020
Կստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ
1 / 8

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Արման Եղոյանի նախագահությամբ հունվարի 30-ին հրավիրված արտահերթ նիստում անդրադարձել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերակատարությանը:

Նիստին մասնակցում էին Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Քննարկվել է Քաղաքացիական հասարակության հարթակ ստեղծելու հարցը, որը նախատեսված է համաձայնագրի 366-րդ հոդվածով:

Ըստ համաձայնագրի՝ Քաղաքացիական հասարակության հարթակի նպատակն է լինելու խթանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերաբար հանդիպումները՝  համաձայնագրի կիրարկման վերաբերյալ նրանց տեղեկացված պահելու եւ իրենց համապատասխան ներդրումն ապահովելու նպատակով:

Նախատեսված է, որ Քաղաքացիական հասարակության հարթակը լինելու է  հանդիպումների եւ կարծիքների փոխանակման միջոց եւ կազմված է լինելու Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության ազգային հարթակների ներկայացուցիչներից: Հարթակի անդամները պարբերաբար կփոփոխվեն ռոտացիոն կարգով, իսկ թե հայաստանյան որ հասարակական կազմակերպությունների անդամները կընդգրկվեն հարթակում, պարզ կլինի ամիսներ անց: Ակնկալվում է առաջիկա 2 ամսվա ընթացքում մշակել  չափորոշիչներ` համաձայն որոնց հկ-ները կարող են հավակնել հարթակում ընդգրկվելու համար, այնուհետեւ կհայտարարվի մրցույթ, ինչի արդյունքում էլ կձեւավորվի կառույցը: Դեռեւս պետք է քննարկվի նաեւ այն հարցը, թե որ հկ-ները կարող են մասնակցել մրցույթին՝ գրանցվա՞ծ, թե նաեւ ազատ գործող:

Հանձնաժողովի անդամներն ու հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները կարեւորել են Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կիրարկումը, նշել այն առաջնահերթություններն ու ոլորտները, որոնցում թե՛ բարեփոխումների, թե՛ մշտադիտարկման կարիք կա:

Քննարկման  մասնակիցներն առաջնահերթ են համարել դատաիրավական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը,  կրթության ոլորտին, մարդու իրավունքներին, ատելության խոսքին,  գազի, էլէկտրաեներգիայի ու ջրի սակագներին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխմանը, տրանսպորտային անվտանգության ապահովման  հարցերին վերաբերող բարեփոխումների իրականացումը, որի համար պատրաստ են ներկայացնել իրենց փորձագիտական խորհրդատվություններն ու մշտադիտարկման արդյունքում ձեւավորված առաջարկները:

Այս եւ շատ այլ հարցեր ըստ ոլորտների քննարկելու նպատակով հանձնաժողովն առաջիկայում հանդիպումներ կկազմակերպի համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ:

Նիստում անդրադարձ է եղել նաեւ այլ հարցերի:

Հանձնաժողովի  որոշմամբ փետրվարին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ` «ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքը» խորագրով:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...