Փետրվարի 10-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել է ՌԴ մարզերի հետ համագործակցության ենթահանձնաժողովի կազմը:
Ենթահանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, որից 3-ը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, մեկական անդամներ` ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:
Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Վաղարշակ Հակոբյանը:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային միգրացիոն օրենսգրքի նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, կարեւորելով միգրացիային վերաբերող օրենսգրքի անհրաժեշտությունը, նշել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է աշխատել Կառավարության հետ` միասնական օրենք ունենալու համար:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է հանձնաժողովի միգրացիոն օրենսգրքի առաջարկը եւ նշել, որ ոլորտը կարգավորող օրենքները տարաբնույթ են, ԱՊՀ անդամ երկրներում միգրացիայի կարգավորումները եւս խիստ տարբեր են, ուստի նպատակահարմար չէ ունենալ միասնական օրենսգիրք:
Արմեն Ղազարյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Միգրացիոն ծառայության ղեկավարն առաջարկել է բարձրացված խնդիրների լուծումները գտնել գործող օրենքներում: