Մարտի 10-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը նշել է, որ իրականացվել է կառույցի՝ 2017-2018թթ-ի գործունեության համապատասխանության եւ կատարողականի հաշվեքննություն, որի ընթացքում կիրառվել է զննում, դիտարկում, հարցում, վերահաշվարկ եւ այլն: Նրա խոսքով՝ հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես 2017-2018թթ-ի ընթացքում 87 աշխատակիցների հետ կնքվել է հաստատված հաստիքացուցակների դրույքաչափերից պակաս պայմանագրեր: Ընկերությունը 2017թ-ին կատարել է շուրջ 301,738,0 հազ. դրամի գնումներ բանակցային ընթացակարգերով եւ մեկ անձից, որով եւ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Ըստ բանախոսի՝ հաշվետու ժամանակահատվածում փաստացի հաշվարկված եւ վճարված աշխատավարձերը չեն գերազանցել նախատեսված աշխատավարձի ֆոնդերը:
Հաշվեքննիչ պալատը խնդիրների վերացման նպատակով «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին ներկայացրել է 21 առաջարկ, որոնք ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, մեծամասամբ ընդունելի են եղել ընկերության կողմից:
Նիստի երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձեւաչափով: