Տպել
16.08.2005
Հայ-հնդկական կապերի խորացման քայլեր

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Դիպակ Վոհրային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հնդկական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցերը:

Նշվեց, որ երկու երկրների միջեւ զարգանում են առեւտրատնտեսական կապերը` հնդկական երեք խոշոր ընկերություններ ներդրումային մեծ ծրագրեր են իրականացնում Հայաստանում` ոսկու, ադամանդագործության, առաջիկայում նաեւ զբոսաշրջության ոլորտներում: Քննարկվեցին Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի Վերին պալատի նախագահ Շրի Բհայրոն Սինգխ Շեխհավատի հոկտեմբերին նախատեսվող Հայաստան պաշտոնական այցին առնչվող հարցեր: Դեսպանը տեղեկացրեց, որ նրան ուղեկցող պատվիրակության կազմում կլինեն մեծթվով գործարարներ` բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի մշակման, ավտոմեքենաների եւ այլ ոլորտներում աշխատող: Հանդիպման ընթացքում կարեւորվեց համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտում: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցությունը, աշխատանքը միջազգային կառույցներում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս: