Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց (Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված) բանաձեւ, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության դատապարտմանը:
Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի ընդունած բանաձեւը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց եւս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը եւ տալիս արժանի գնահատական:
Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի եւ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ Սենատի մյուս անդամների հետեւողական եւ սկզբունքային գործունեության արդյունքում:
Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից: Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել` իր կարեւոր ձեռքբերումներով:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության եւ պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաեւ կրոնական եւ էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: