ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Փորձ է արվում կարգավորել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները, հանրաքվե անցկացնելու հետ կապված ժամկետները:
Կարգավորումները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: Որոշ հարցեր ճշգրտելու նպատակով առաջարկվել է հարցի քննարկումը կազմակերպել հունիսի 2-ի առավոտյան ժամը 09:00-ին, ինչն ընդունվել է մշտական հանձնաժողովի կողմից: