Տպել
12.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը
1 / 10

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը, ապա նաեւ ոլորտների պատասխանատուները ներկայացրել են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության համար օգտագործված բյուջետային միջոցները, թերակատարված կամ չկատարված ծրագրերն ու դրանց պատճառները:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաշվետու տարում օգտագործել է 157,3 մլրդ դրամ` արձանագրելով ծրագրերի 93,3 տոկոս կատարողական, ինչի արդյունքում իրականացվել է շուրջ 242 միջոցառում, որոնք մաս են կազմել 24 ծրագրի:

Վերոնշյալ գումարից 135 մլրդ դրամ հատկացվել է կրթության, 17,5 մլրդ դրամ` մշակույթի, 4,9 մլրդ դրամ` սպորտի ոլորտին: Սփյուռքի բնագավառի ծրագրերի համար հատկացվել է 386,4, մլն դրամ, այստեղ կատարողականը կազմել է 68,4 տոկոս: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պահպանման ծախսերի համար օգտագործվել է 309,4 մլն դրամ, կատարողականը եղել է 98 տոկոս: Հեռուստառադիոընկերության խորհրդի ճշտված ֆինանսական հատկացումները կազմել են 8,9 մլրդ դրամ, արձանագրվել է ծրագրերի 99,7 տոկոս կատարողական:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իր ղեկավարած ոլորտներում իրականացված բյուջետային ծրագրերին, որոնց մի մասը նոր է եղել: Ըստ նախարարի` հատկապես մեծ աշխատանքներ են իրականացվել հանրակրթության ոլորտում. հիմնվել է 18 նոր նախակրթարան, սկսել է գործել միասնական գրանցման համակարգը, աշխատանքներ են տարվել դասագրքերի կշռի նվազեցման ուղղությամբ:

Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ 10 տոկոսով բարձրացվել են ուսուցիչների աշխատավարձերը, 8 նոր ավագ դպրոցի շինարարություն է սկսվել, 5 ավագ դպրոց հիմնովին վերակառուցվել է, որոշ ավագ դպրոցներ էլ զինվել են տեխնիկական միջոցներով: Նախաձեռնվել են օրենսդրական բարեփոխումներ, ներդրվել է համակարգ, որի շնորհիվ թոշակառուներն հնարավորություն են ստացել այցելել մշակութային օջախներ, իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներ եւ այլն:

Նախարարը ներկայացրել է ոլորտներում կատարված ծրագրերը, որոնցից մեծամասնության կատարողականը բարձր է եղել 90 տոկոսից:

Նա նաեւ հայտնել է, որ որոշ միջոցառումների թերի կատարողականը կամ չկատարելը պայմանավորված է եղել օբյեկտիվ հանգամանքներով: Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նախատեսվում է առցանց եղանակով վերապատրաստել ուսուցիչներին, սոցիալապես անապահով խմբերի աշակերտներին էլ ապահովել անվճար դասագրքերով. այս նպատակով որոշ փոփոխություններ են կատարվելու սահմանված կարգում, որ որեւէ անապահով երեխա չմնա առանց դասագրքի:

Անդրադառնալով պատգամավորների հարցադրումներին` Արայիկ Հարությունյանն ասել է, որ ընթացիկ տարում նախատեսված են աշխատանքներ, որոնց նպատակը կրթության որակի ապահովումն է. իրականացվելու է ուսուցիչների ատեստավորում. առաջին տարիներին` կամավորության, հետագայում` պարտադիր սկզբունքով: Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսի չափով:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ հայտնել է, որ հանձնաժողովը 2019 թվականի համար նախատեսված մոտ 315 մլն դրամից տնտեսել է գրեթե 6 մլն դրամ` ի հաշիվ գործուղումների կրճատման: Նա անբավարար է համարել հանձնաժողովին հատկացված ֆինանսական միջոցները` նշելով, որ անհրաժեշտ են համարում ստանալ վերոնշյալ գումարից 10 տոկոս ավելի` տեխնիկական վերազինման եւ այլ նպատակների համար:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է գրասենյակի կատարած ծրագրերին եւ հիշեցրել, որ կառույցը մոտ մեկ տարի առաջ է կազմավորվել, ինչով էլ մասամբ պայմանավորված է ծրագրերի թերակատարումը կամ չեղարկումը:

Նրա խոսքով` խնայվել են գումարներ, որոնք վերադարձվել են պետական բյուջե: Ի պատասխան հնչած հարցերի` Զարեհ Սինանյանն անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին, որոնց նպատակը հայրենադարձության խթանումն է, Սփյուռք-Հայաստան կապերի առավել ամրապնդումը: Նշվել է, որ որոշ միջոցառումներ հետաձգվել են` պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ:


12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...