Տպել
15.06.2020
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
1 / 15

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը նախ ընդունել է արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում, ըստ որի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:

Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ. հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով եւ այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով:

Գործող օրենսդրության համաձայն` այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն: Փոխնախարարի խոսքով` դիտարկումները ցույց են տվել, որ շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչեւ մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից: «Այսօր շուրջ 7650 հարկ վճարող պարտավոր է կատարել  շահութահարկի վճարումներ, որոնցից 700-է օգտվել այս հնարավորությունից»,-տեղեկացրել է զեկուցողը:

Ըստ Արման Պողոսյանի` շահութահարկի կանխավճարների գործող համակարգը բավարար չափով ճկուն չէ, եւ այդ պատճառով ներկա տնտեսական իրավիճակում տնտեսավարող սուբյեկտների համար հանգեցրել է ընթացիկ իրացվելիության խնդիրների:

Կառավարությունն առաջարկում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը:

Նախատեսվում է շահութահարկի կանխավճարների համակարգը դարձնել ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից` նպաստավոր:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
  
 


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...