Տպել
16.06.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 1

Հունիսի 16-ին Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրը հրավիրած արտահերթ նիստի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է համակարգային լուծումներ ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ, որի նպատակն է բարելավվել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրը` նպաստելով նրանց շրջանառու ֆինանսական ռեսուրսների հետ կապված խնդրի լուծմանը, որով կբարձրացվի նաեւ մրցունակության աստիճանը:

Կարեւորելով օրինագծի ընդունումը` փոխնախարարն ընդգծել է, որ դրանով կարեւոր քայլ է կատարվում  տնտեսության կենսունակության բարձրացման գործում եւ ձեւավորում ավելի գրավիչ հարկային միջավայր: Նրա տեղեկացմամբ` օրինագծի վերաբերյալ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ չեն ներկայացվել:

 ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Գեւորգյանը:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...