Տպել
25.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 7

Հունիսի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ փաթեթով առաջարկվող լուծումները նախատեսվել են` հիմք ընդունելով արդեն ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» եւ հարակից օրենքների փաթեթի կարգավորումները:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող լրացմամբ Բարձրագույն դատական խորհուրդը գործող դատավորների ցանկից կարող է ընտրել դատավորներ, ովքեր ի թիվս իրենց վարույթում գտնվող գործերի կամ մասնագիտացման գործերի հետ մեկտեղ կքննեն նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարվող լրացմամբ էլ սահմանվում են գլխավոր դատախազությունում նոր կազմավորվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալի եւ վարչության ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը: Փոխնախարարի խոսքով` քանի որ այս ստորաբաժանումը կազմավորման փուլում է, խնդիր կա օր առաջ այս փոփոխությունները կատարելու եւ հենց դրանով էլ պայմանավորված է հարցի հրատապությունը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել եւ գործընկերներին  հորդորել է կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծերի փաթեթին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...