Տպել
08.09.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում եւ հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության:

Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի եւ պետության առջեւ, եւ այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարեւոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը: Այս առումով Ամենայն հայոց հայրապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին: Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ եւ այդ գործակցությունը նաեւ իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:

Արարատ Միրզոյանը եւ Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին եւ կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը՝ մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:

Խորհրդարանի ղեկավարն իր հերթին շեշտել է, որ Ազգային ժողովի գործունեության հիմնական առանցքը մեր պետականության եւ ազգի հավերժության ապահովումն է:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...