Տպել
22.09.2020
Քննարկվել են հեղինակային եւ հարակից իրավունքներին վերաբերող հարցեր
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոֆիա Հովսեփյանի եւ Արթուր Մանուկյանի նախաձեռնությամբ   սեպտեմբերի 22-ին  խորհրդարան  էին այցելել երգահան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Գուսան Հայկազունը, երգահան,  դրամատուրգ եւ սցենարիստ Քրիստ Մանարյանը, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ հասարակական  մի շարք կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությամբ, կամ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պետք է առնչություն ունենային:

Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝  հանդիպման նպատակը հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու ուղիների փնտրտուքն է:

Հեղինակային իրավունքի ոլորտում բազմաթիվ են խնդիրները. այս հարցում գրեթե միակարծիք էին բոլոր հրավիրյալներն ու օրենսդիրները:

Ինչպես հավաստիացնում էին մասնավորապես երգահանները, մեր երկրում չի պաշտպանվում հեղինակային իրավունքը, թեեւ կա օրենք, որը գործում է 2006 թվականից: Գուսան Հայկազունի խոսքով, թեեւ ինքը տասնամյակների ընթացքում հեղինակել է բազմաթիվ հանրահայտ երգեր, այնուամենայնիվ ստիպված է գոյատեւել 44000 դրամ թոշակով այն դեպքում, երբ կարող էր առավել ապահով եւ արժանապատիվ  կյանք ունենալ, եթե պաշտպանվեին իր հեղինակային իրավունքները:

Ըստ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության  տնօրեն Սուսաննա Ներսիսյանի՝ ոլորտը  կարգավորված է, բարձիթողի վիճակում չէ,  սակայն  օրենքը լիարժեք չի գործում: Նրա խոսքով՝ հատկապես խնդրահարույց  են հանրային զվարճանքի վայրերը՝ ռեստորաններն ու սրճարանները, որոնցում մշտապես կատարվում են հեղինակային ստեղծագործություններ, սակայն դրանց համար ստացվող գումարներից  հեղինակները որեւէ  մաս չեն ստանում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մոտ երկու տարի է՝ մշակել է  օրինագիծ, որն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ամբողջությամբ կանոնակարգելու է դաշտը: Քրիստինե Համբարյանի կարծիքով՝ ոլորտում խնդիրներ կան, քանի որ կա նաեւ իրազեկվածության պակաս. մարդիկ շատ հաճախ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ միշտ չէ, որ գործում են դիտավորությամբ:

Այս համատեքստում քննարկման մասնակիցներից ոմանք առաջարկել են ոչ միայն ավելացնել քաղաքացիների իրազեկվածությունը, այլեւ ոլորտում ներդնել վերահսկողական, ընդհուպ՝ պատժողական մեխանիզմներ, երբ կոտնահարվեն հեղինակային իրավունքները:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկել է անցկացնել խորհրդարանական լսումներ, երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ կընդունվի նախագիծը: Նշվել է, որ այն այս պահին փորձաքննության է ենթարկվում  ՀՀ արդարադատության նախարարությունում:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...