ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանի հետ:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ԱՀ Ազգային ժողովի նույնանուն հանձնաժողովի հետ համագործակցության խորացումը՝ նշելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը պատրաստակամ է ցուցաբերել տարատեսակ աջակցություն ու խորհրդատվություն, ինչպես նաեւ անցկացնել համատեղ նիստեր՝ ձեւավորելիք միասնական օրակարգի շրջանակում: Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովն այժմ մի շարք լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների քննարկման փուլում է, եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանք ընդունել: Նա հայտնել է, որ դրանց թվում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը:
ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանը նույնպես կարեւորել է միջհանձնաժողովային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ դա կարեւոր է մասնավորապես օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից:
Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում
Հայաստանը դարձավ հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականների: Երեւանում անցկացվեց Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Այս տարվա համաժողովի առանցքում...