Տպել
08.09.2005
Հանուն կանաչապատ մայրաքաղաք ունենալու

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Երեւան քաղաքի բնապահպանականդաշինքի անդամների մասնակցությամբ քննարկվեց Երեւանի բնապահպանական վիճակը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Սամվել Շահգալդյանը եւ Գագիկ Ավետյանը:

Հանդիպման ընթացքում Երեւանի «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հ/կ անդամ Կարինե Դանիելյանն առաջարկեց քննարկել Երեւանի կանաչ տարածքների ոռոգման հարցը, զբոսայգիների վիճակի` աղբի կուտակման, ոռոգման, Երեւանի կանաչ տարածքների հողահատկացումների եւ կառուցապատումների հիմնախնդիրները, առաջարկություններ եղան վերականգնել Երեւանի կանաչապատման վարչությունը, կենտրոնացնել կանաչապատման պահպանման եւ բարեկարգման հարցերը, վերանայել վարձակալությամբ տրված անբարեկարգ տարածքների վերաբերյալ պայմանագրերը, վերահսկել հողահատկացման գործընթացը, կանաչ տարածքների կորստի պատճառով վերանայել հատկապես կենտրոնի կառուցապատման հայեցակարգը, կանաչ գոտիների պահպանման նպատակով անցկացնել էկոլոգիական փորձաքննություն: Նշվեց նաեւ, որ «Բուսաբանական այգին» ոչնչացման եզրին է. քանի որ այգում չի գործում ոռոգման համակարգը, ոչնչանում են եզակի ծառեր:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը շնորհակալություն հայտնեց հ/կ-ների ներկայացուցիչներին` քննարկումներին ակտիվ մասնակցության համար եւնշեց, որ քննարկված հարցերի շուրջ առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ` խնդիրներին հնարավոր օրենսդրական լուծումներ տալու նպատակով: Ելնելով քննարկված խնդիրներ կարեւորությունից`որոշվեց, որքննարկումները կշարունակվեն: