Տպել
02.10.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը հետաձգվել է
1 / 1

Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 2-ի նիստում որոշվել է հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փաստել է, որ ստեղծված իրավիճակում հանձնաժողովը կենտրոնանալու է բացառապես ռազմական դրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների վրա՝ հավելելով՝ իրավիճակի կայունացմանը զուգընթաց հանձնաժողովը կաշխատի բնականոն հունով եւ կանդրադառնա մնացած օրակարգային նախագծերին:

«Հաղթելու ենք՝ կասկած չկա»,-համոզմունք է հայտնել Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ երկու ամսով հետաձգվել են ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրինագծերի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ու դրանց կից օրինագծերի փաթեթների քննարկումները: