Խորհրդարանը հոկտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ պատգամավորների կողմից առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել, առաջարկներով հանդես է եկել գործադիրը: Ըստ այդմ՝ համավարակի տնտեսական հետեւանքները մեղմելուն ուղղված քայլերն առավել ամբողջական դարձնելու նպատակադրումներից ելնելով՝ առաջարկվում է ֆիզիկական անձանց տրված վարկերի գծով տույժերն ու տուգանքները ներելու դեպքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար հարկային հետեւանքները մեղմելու քաղաքականությունը տարածել ոչ միայն 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ակտիվների մասով, այլ նաեւ նույն ամսաթվի դրությամբ դեռեւս անհուսալի չճանաչված, սակայն 91 եւ ավելի օր չսպասարկվող ակտիվների նկատմամբ: Առաջարկվում է նախագծի կարգավորումները կիրառելի դարձնել ոչ միայն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ներված տույժերի եւ տուգանքների նկատմամբ, այլ նաեւ մինչեւ այդ ներված տույժերի եւ տուգանքների նկատմամբ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Արմեն Եղիազարյանը:
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց կուտակած գումարները փոխանցել հիմնադրամներին: Փոխնախարարի խոսքով՝ շահարկումներից խուսափելու համար Կառավարության որոշմամբ կսահմանվեն հիմնադրամների անունները. այս պահի դրությամբ սահմանվել է Համահայկական հիմնադրամը:
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Այնուհետեւ խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Նախագծի վերջնական տարբերակը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ տեղեկացնելով, որ սահմանված ժամկետում առաջարկներ չեն ստացվել: Նախարարի համոզմամբ՝ այս փոփոխությունները հնարավորություն կտան համարժեք արձագանքել առկա խնդիրներին:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորները քննարկված հարցերը քվեարկությամբ ընդունել են:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: