Տպել
09.10.2020
Հանձնաժողովի նիստում քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումն ու փոփոխությունները
1 / 6

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 9-ին քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկույցում ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո որոշակի առաջարկներ են ստացվել, որոնց հիման վրա Կառավարության հետ համագործակցության արդյունքում նախագիծը լրամշակվել է, մի քանի հոդվածներ են ավելացվել: Ըստ այդմ՝ ռազմական դրության ժամանակ պետական եւ այդ ընթացքում գործունեությունը լիազոր մարմնի կառավարմանն անցած մարմինների աշխատակիցների աշխատավայրը փոխելու անհրաժեշտության դեպքում նրանց համաձայնությունը չի պահանջվի: Որոշ շտկումներ են կատարվել ռազմական դրության ժամանակ արտաժամյա աշխատանքի վճարման, արձակուրդների հաշվարկման մեխանիզմների հետ կապված: Առաջարկվում է այն դեպքերում, երբ աշխատողը կգտնվի վարժական հավաքների, զորահավաքային զինվորական ծառայության մեջ կամ կամավոր կզինվորագրվի, ապա այդ ընթացքը կհաշվարկվի որպես ամենամյա արձակուրդ ձեւավորելու ժամանակահատված:

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվող կարգավորման նպատակը հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է: Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

Նախագծի ընդունմամբ միաժամանակ կապահովվի ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքի անխափան իրականացումը` հնարավորություն տալով վերջիններիս անհրաժեշտության դեպքում հետ կանչել արձակուրդում գտնվող աշխատողներին` առանց վերջիններիս համաձայնությունը նախապես ստանալու:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո կարեւոր լրամշակումներ են կատարվել:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: