ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական` ոչ գույքային հարաբերությունները:
Մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ որոշակի խնդիրներ ճշգրտելու համար հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Գեւորգ Պապոյանի հավաստմամբ՝ գնումների գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին:
Կառավարության եզրակացությունը դրական էր: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները կողմ են քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Օրակարգային մի շարք հարցերի քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով: