Տպել
24.11.2020
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
1 / 7

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը՝ մանրամասնելով վարույթի մասնակցի ներկայացրած դիրքորոշումն ու պարզաբանումները, անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վարույթի շրջանակում պարզված, ինչպես նաեւ պատգամավորական գործունեությանն ու առեւտրային ընկերություններում բաժնեմասնակցությանն առնչվող տեղեկությունները:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանն իր փաստարկներն ու պարզաբանումներ է ներկայացրել, առարկություններ հայտնել եզրակացության մի շարք եզրահանգումների առնչությամբ: Նա առաջարկել է դեմ արտահայտվել այս եզրակացությանը, քանի որ այն զուրկ է փաստական ու իրավական հիմքից:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կարծիք են հայտնել, որ կեղծ օրակարգ է բերվել խորհրդարան, որի նպատակը քաղաքական ճնշումներն են, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից որեւէ համոզիչ ապացույց չի ներկայացվել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը քաղաքական ճնշումների առումով արված հայտարարություններին ի պատասխան հիշեցրել է, որ Սահմանադրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն:

Հայկուհի Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ հանձնաժողովը վարույթը հարուցել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:

Քննարկումների արդյունքում հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը  որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...