Տպել
25.11.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 8

Նոյեմբերի 25-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում եղել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը: Ըստ նրա՝ պատճառները, որոնք ներկայացվել են ռազմական դրություն հաստատելու համար, վերացված են, իսկ սահմանափակումները, որոնք առկա են նշյալ պայմաններում, առկա են: Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրությունը կհանգեցնի նաեւ տնտեսական ճգնաժամի: Այս համատեքստում Գեւորգ Գորգիսյանն ընդգծել է, որ երկքաղաքացիները, ռազմական դրությամբ պայմանավորված, չեն կարողանում երկրից բացակայել:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի խոսքով՝ ռազմական դրություններ հաստատելն ու վերացնելն ինքնանպատակ չեն կարող լինել: Պատգամավորի կարծիքով՝ հնարավոր է քննարկել ռազմական դրության մասնակի չեղարկման հարցը՝ մեղմացնելով այն դրույթները, որոնք բուն ռազմական դրության հետ կապ չունեն:

Որոշման նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահին կան Կառավարության որոշումներ, որոնք կարող են գործել միայն ռազմական դրության պայմաններում, ուստի առաջարկել է չեղարկումը հետաձգել:

ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը ներկայացրել է պաշտպանական գերատեսչության կարծիքը: Նա տեղեկացրել է, որ ռազմական դրությունը չեղարկելուն դեմ չեն, սակայն դրանից անմիջապես հետո պետք է ընդունվի այլ դրություն: «Անվտանգության խնդիր ունենք: Պետք է կազմակերպել սահմանային պահպանություն, որի տարբերակները քննարկվում են: Դրան պետք է ժամանակ տրամադրել»,- նշել է նա:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով՝ ժամանակ տրամադրելով Կառավարությանն ու ուժային կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները:

Առաջարկը չի ընդունվել հիմնական զեկուցողի կողմից: Գեւորգ Գորգիսյանն առաջարկել է նախագծին տալ դրական եզրակացություն՝ հնարավորություն ընձեռելով հարցը քննարկել ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: