Տպել
20.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առիթով:

Բոլոր երկրներն իրենց պետական տոնացույցում ունենում են տասնյակ տոներ, որոնցից մեկը ամենագլխավորն է լինում: Հայերիս համար այդպիսին է Հայաստանի Անկախության տոնը, որը հավաստում է Հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Անկախության անցած 14 տարիները մեզ համար եղել են դժվարին. ազգովին անցանք պատերազմի ու խաղաղության փորձությունների միջով եւ ապացուցեցինք մեզ ու աշխարհին, որ արժանի ենք անկախ երկիր ունենալուն, որը կարող ենք արդեն նաեւ ժառանգել մեր զավակներին` իբրեւ օրեցօր զարգացող պետություն:

Այսօր  Հայաստանի Հանրապետությունը իր զարգացման կարեւոր փուլում է` մենք նախապատրաստվում ենք մեր երկրի Հիմնական օրենքի փոփոխություններին, որոնց ընդունումը երաշխիք է դառնալու մեր հետագա զարգացման` ժողովրդավարության ու իրավական պետության կառուցման ճանապարհին: Իհարկե, դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, սոցիալական ու տնտեսական դժվարություններ, որոնք պիտի միասնաբար հաղթահարենք` հասնելու բարգավաճ, տարածաշրջանում մրցունակ պետության մեր տեսլականին: Այդ խնդրի լուծմանն են միտված Հայաստանի Ազգային ժողովում ընդունվող օրենքները:

Սիրելի հայրենակիցներ, մեկ  անգամ  եւս շնորհավորում եմ Հայաստանի Անկախության 14-րդ տարելիցի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, երջանկություն ու արդյունավետ աշխատանք` հանուն մեր Հայրենիքի բարգավաճման: