Հայաստանի անկախության 14-րդ տարեդարձի եւ ՀՀ Ազգային ժողովի 15-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 20-ի երեկոյան Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ «Ազգային ժողովը` ժողովրդի համար» համերգը: Իր ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան ն ասաց, որ միջոցառումն ավանդույթ ու խորհրդանշական է դառնում, եւ այսուհետ խորհրդարանի դռները բաց են լինելու ժողովրդի առջեւ:
Համերգի ժամանակ ելույթ ունեցավ Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Կոնստանտին Օրբելյան, մենակատարներ Միքայել Սիմոնյան, Արուս Աճեմյան, Արաքս Դավթյան: Միջոցառման պատվավոր հյուրը աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին էր: Կոնստանտին Օրբելյանը եւ Դմիտրի Խվորոստովսկին արժանացան ՀՀ Ազգային ժողովի, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության մրցանակներին:
«Ազգային ժողովը` ժողովրդի համար» համերգին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ: