Տպել
22.09.2005
Հալե քաղաքում տեղի ունենալիք երաժշտական փառատոնին կմասնակցի նաեւ Հայաստանի կամերային երգչախումբը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Գերմանիայի «Սաքսոնիա Անհալդ» կոմպոզիտորների միության նախագահ Թոմաս Բուխհոլցի եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի հետ:

Պարոն Բուխհոլցը, որը նաեւ Հալե քաղաքում կազմակերպվող ամենամյա փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, նշեց, որ վերջին տարիներին ակտիվ համագործակցում է հայ երաժիշտների հետ, Հալեում հնչում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ հայկական երաժշտախմբերի ու երգչախմբերի կատարմամբ: Գերմանացի կոմպոզիտորը տեղեկացրեց, որ այս տարի նոյեմբերի 11-19-ը Հալեում տեղի ունենալիք փառատոնին կմասնակցի նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը, իսկ փառատոնի մեկ օրը կնվիրվի Հայոց եղեռնի 90-ամյակին:

Տիկին Հակոբյանը կարեւորեց հայ-գերմանական մշակութային կապերի զարգացումը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ կապերի էլ ավելի ամրապնդմանը: