Տպել
03.02.2021
Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման
1 / 14

Ազգային ժողովի փետրվարի 3-ին գումարված արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նպատակն է թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: Նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել Առաջին ատյանում, Ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ քրեական դատարաններում: Մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը նախատեսվում է վերապահել ինչպես գործող դատավորներին, այնպես էլ նոր համալրված կադրերին:

Փոփոխությունների արդյունքում դատական համակարգում ընդհանուր առմամբ 17-ով կավելանա դատավորների թիվը, որոնցից առնվազն 8-ը՝ Երեւանում: Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը կավելանա 3-ով:  Վերաքննիչ դատարանի 6 դատավոր  կմասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն, նախագծում բառ անգամ չկա, թե նշանակվելու են դատավորներ, որոնք զբաղվելու են հակակոռուպցիոն   գործեր քննելով: Գրիգորյանի համոզմամբ`  խորհրդարանի աշխատանքի որակը շատ դեպքերում ընկնում է այն  պատճառով, որ պատգամավորներից ոմանք պարզապես չեն կարդում օրենքների նախագծերը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձան ներքաղաքական իրավիճակին, դատական համակարգում արմատական բարեփոխումների անհրաժեշտությանը, անարդյունավետ գնահատեցին իրականացվող հատվածական փոփոխությունները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից խոսելով՝ Անի Սամսոնյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակները թեպետ պնդում են, որ նախագծից հանված է մի շարք գործերով, այդ թվում՝ հակակոռուպցիոն գործերով զբաղվող դատավորներին վերաբերող դրույթը, բայց լրամշակված տարբերակում այն առկա է: Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ ԱԺ կայքում տեղադրված վերջնական տեքստում նման դրույթ չկա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ալեն Սիմոնյանը: «30 տարի իշխանության եղած մարդիկ մեզ մեղադրում են երկու տարվա մեջ չարածների համար: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց բենթլիները, դղյակները չհասցրինք երկու տարվա մեջ դարձնել ԱԹՍ: Այո՛, մեղավոր ենք, կուղղենք, դա էլ կուղղենք, կհասցնենք, վստահ եմ»:

Եզրափակիչ խոսքում Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագիծը հապճեպ չի ընդունվում, դեկտեմբերից դրված է հանրային քննարկման:

Պատգամավորները քննարկված երկու օրենսդրական փաթեթներն ընդունեցին առաջին ընթերցմամբ:

Փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումները կանցկացվեն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ մինչ այդ դրանք կքննարկվեն գլխադասային հանձնաժողովներում: