Տպել
03.02.2021
Արտահերթ նիստի ավարտին ընդունվեցին քննարկված օրենսդրական փաթեթները
1 / 15

Փետրվարի 3-ի արտահերթ նիստի վերջում պատգամավորներն արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ դրան կից օրենսդրական փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ գլխադասային հանձնաժողովում հարցը քննարկվել է, բովանդակային փոփոխություններ գրեթե չեն եղել:

Պատգամավոր Անի Սամսոնյանը փորձեց ճշտել՝ քաղաքացիների համար վարչարարության հետ կապված խնդիրներն արդյո՞ք կպակասեն: Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ավելորդ վարչարարությունը նվազագույնի հասցնելու համար նախարարությունում արդեն իսկ քայլեր իրականացվում են: Նա կարեւորեց սոցիալական աշխատողների եւ սոցիալական օգնականների ինստիտուտի իրական կայացումը:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ միասնական սոցիալական ծառայության ստեղծման արդյունքում կունենանք սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց՝ երեք փոփոխություն է կատարվել, որոնք հայեցակարգային բնույթի չեն: Առաջինը՝ գործերի վերաբաշխմանն է վերաբերվում: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորն իր կողմից քննվող մյուս քրեական գործերը պահպանում է իր վարույթում, իսկ եթե դատարանի փոփոխություն է տեղի է ունենում, ապա գործերը ենթակա են վերաբաշխման մեկ ամսվա ընթացքում: Դատավորների հայտարարագրերը վերլուծելու համար մեկ ամիս ժամկետ է սահմանվում, իսկ հաջորդ փոփոխությունը տերմինաբանական բնույթի է:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձավ հնչող այն տեսակետներին, թե պատերազմն ավարտվել է, եւ կյանքը շարունակվում է: Ոչինչ չի վերջացել ու չի վերջանալու. ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ իրենք նպատակահարմար չեն գտնում շարժվել այն օրակարգերով, որոնք չեն համապատասխանում ստեղծված իրավիճակին:

«Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ալեն Սիմոնյանը: Հակադարձելով «Բարգավաճ Հայաստանի»-ի ներկայացուցիչների տեսակետներին՝ նա նշեց, որ վերջիններս չեն կարողացել քաղաքացու համար առաջարկ ներկայացնել: «Մենք մեր քաղաքացիների հետ ազնիվ ենք եղել, մեզ ընտրել են: Այո՛, շատ-շատերը մեր շատ սխալների պատճառով, միգուցե, հիասթափված են: Մենք իրենց հետ կխոսենք, իրենք մեզ կդատեն, կբերեն այս սրահ կամ չեն բերի, բայց դուք այդ հարաբերությունների հետ ինչպես անցյալում կապ չեք ունեցել, ապագայում էլ կապ չեք ունենալու»,-ասաց նա:

Արտահերթի ավարտին պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենսդրական փաթեթները: