Տպել
10.02.2021
Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրությունն արդիականացվում է
1 / 2

«Կրթության եւ գիտության ոլորտները կանոնակարգող դաշտն արդիականացման կարիք վաղուց ունի. գործող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խորհրդարանին ներկայացնելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ 22 հարակից  նախագծերով: Նախարարի խոսքով՝ նախատեսվում է  ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշերին՝ տալով բարձրագույն կրթության համակարգում որակավորման երրորդ աստիճան՝ ավարտին շնորհելով դոկտորի (PhD) որակավորում:

Բարձրագույն կրթությունը կարող է իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձեւերով: Ուսանողները կկարողանան կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածությամբ եւ ֆինանսական հնարավորություններով:

Երկու եւ ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել եւ իրականացնել կրթական ծրագիր եւ շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով  կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ եւ կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով: Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող եւ սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին: Պետբյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:

Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիների համար պարտադիր կլինի «Հայոց լեզու» առարկայի  քննությունը:

Բուհերի կառավարման խորհրդի կազմը բաղկացած կլինի  9 անդամից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Երեւանի պետական համալսարանը կունենա հատուկ կարգավիճակ. առանձնահատկությունները կսահմանի Կառավարությունը: ԵՊՀ կարգավիճակի վերաբերյալ դրույթը խտրական գնահատեցին որոշ պատգամավորներ՝ անթույլատրելի համարելով նման առանձնահատուկ վերաբերմունքը մեկ բուհի նկատմամբ, թեկուզ եւ 100-ամյա: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...