Տպել
16.02.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունեց ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:

Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ Արարատ Միրզոյանը կարեւորեց այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ՝ օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի իրականացման գործում:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրեց հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծեց միջազգային հանրության գործուն քայլերը:

Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտեց, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրեց Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ դեսպանը կարեւորեց այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: «Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում եւ կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասաց դեսպանը: Նա եւս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ համարեց գերեվարված անձանց վերադարձի հարցը:

Անդրադարձ կատարվեց սույն թվականի մարտի 1-ից ՀՀ-ԵՄ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին զարգացման հեռանկարները, կարեւորվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաեւ բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:

Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրեց մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...