ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ: Նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեեւ կատարվել են որոշ սկզբունքային եւ խմբագրական փոփոխություններ: Դրանք վերաբերում են բուհերի հավատարմագրման կարգին, բուհերի կառավարման խորհրդին, բուհերի ինքնավարության ավելացմանը, ռեկտորների տարիքին:Նախարարը նշեց, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այդպես էլ շահագրգիռ կողմերը համաձայնության չեն եկել: Դրանք ռեկտորների նշանակման, հոգաբարձուների խորհրդի ձեւավորման վերաբերյալ դրույթներն են:
Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկները հիմնականում վերաբերել են բուհերի ռեկտորներին եւ կառավարման խորհրդին. անտեսված են մնացել որոշ բովանդակային դրույթներ:
Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: