Տպել
04.03.2021
Ելույթներ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ
1 / 8

«Եթե 50+1 բուհի ռեկտոր նշանակելու իրավասությունը տրվելու է կառավարությանը, ապա ֆինանսավորումն էլ թող այդպես լինի: Ստեղծենք ճանապարհային քարտեզ առաջիկա տարիների, հասնենք նրան, որ կարողանանք ունենալ համարժեք ֆինանսավորում: Ոչ միայն բուհի գոյության պատասխանատվությունը կրենք, նրա գործունեության եւ որակի, այլ 50+1 տոկոսով պատասխանատվությունը եւս կրենք». Շիրակ Թորոսյան

«Նախագիծը բավարար համարձակ չէ, տարատեսակ լոբբիստական շրջանակներ իրենց ազդեցությունն ունեցել են, որ նախարարությունը չգնա համարձակ քայլերի: Մի քանի քայլ առաջ է, այո՛, բայց մենք այստեղ քննարկում ենք նեղ հարց՝ օրինակ, ռեկտորին ով ընտրի կամ չընտրի: Բուհի ամենակարեւոր պաշտոնյաները պրոֆեսորներն են, հետո՝ դոցենտները». Գեւորգ Պապոյան

«Մենք պետք է ավելի շատ կարեւորենք պրոֆեսիոնալիզմը, քան պրոֆեսոր, դոկտոր լինելը: Մենք աստիճանաբար պետք է պրոֆեսիոնալ մենեջերների դասը խթանենք: Աներկբա է, որ հիմնադիրը պետք է ունենա վճռորոշ մասնակցություն, քանի դեռ հիմնադիրը վճռորոշ մասնակցություն ունի նաեւ ակտիվների ձեւավորման գործընթացում». Արտակ Մանուկյան

«Շեղվելու եմ թեմայից: Հենց այս պահին Ադրբեջանը շինարարական աշխատանքներ է իրականացնում սահմանին, մեզ մոտ անհասկանալի պասիվություն է: Սա միայն իմ՝ Սյունիքից եկած պատգամավորի խնդիրը չէ: Կոչ եմ անում բոլորիդ, նաեւ կառավարությանը առավել մեծ ուշադրություն դարձնել սահմանների պաշտպանական խնդիրներին եւ չդանդաղել». Սրբուհի Գրիգորյան

«Ստեղծված բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը օրվա հրամայականն է դարձրել մեր գոյի եւ տեսակի շուրջ օրակարգի ձեւավորումը, որտեղ կրթությունը վճռորոշ դերակատարություն պետք է ունենա: Պետք է սկսենք նորովի խոսել մեր ուսանողության եւ երիտասարդության հետ». Գոռ Գեւորգյան

«Մնացած կարեւոր կետերը տուժում են, մենք ֆիքսվել ենք ռեկտորի ընտրության վրա: Ակամայից հիշում եմ 2015-ի «սահմանադրական բարեփոխում» կոչվածը: Այդ ամբողջ Սահմանադրության մեջ, որ այդքան ականներ էին դրված, որեւէ մեկը չէր տեսնում եւ միակ քննարկվելիք թեման Սերժ Սարգսյանի վերարտադրությունն էր». Սոֆիա Հովսեփյան

«Կարեւոր է արձանագրել, որ կան սկզբունքային կետեր, որոնց շուրջ անգամ երկարատեւ քննարկումները, այնուամենայնիվ, որեւէ փոփոխություն չեն բերելու: 5/4 պարիտետը պահպանվելու է, չի փոփոխվելու: Կառավարությունն այսկերպ է տեսնում բուհերի արդյունավետ կառավարման մեխանիզմը, դրա համար կրում է պատասխանատվություն». Մխիթար Հայրապետյան