Տպել
22.03.2021
Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին
1 / 5

Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը: «2020 թվականն աննախադեպ բարդ էր Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի համար: Համավարակի տարածման եւ գլոբալ տնտեսական անկման պայմաններում նախարարությունը տարեսկզբից ձեռնամուխ էր եղել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների եւ Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովմանը, Կառավարության եւ վարչապետի հանձնարարականների կատարմանը, զարգացման օրակարգի հետագա խթանմանը, միջազգային գործընկերների եւ կառույցների հետ փոխգործակցության մակարդակի խորացմանն ու ամրապնդմանը»,-ասաց Արմեն Ղեւոնդյանը:

Համավարակով պայմանավորված՝ նախարարությունը ձեռնարկել է օպերատիվ աշխատանքներ՝ արտերկրում գտնվող հայրենակիցներին տեղում աջակցելու եւ վերջիններիս անվտանգ հայրենադարձումը կազմակերպելու ուղղությամբ:

Ըստ զեկուցողի՝ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում: Գերակայությունների շարքում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

Արմեն Ղեւոնդյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի օժանդակությամբ եւ ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ: Խարխլվել է անվտանգային նախկին միջավայրը: Բազմակողմ հարաբերություններում առաջացել են նոր խնդիրներ, ժամանակի պահանջներին համահունչ անվտանգային ճարտարապետության կերտելու անհրաժեշտություն՝ արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմագրավելու, հնարավոր նոր զարգացումները կանխատեսելու եւ կանխելու նպատակով:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ փոխնախարարը նշեց, որ տարածաշրջանային հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման եւ հումանիտար արդի հարցերի լուծման տեսակետից առանցքային դերակատարություն է ստանձնել ՌԴ-ն: Հաշվետու տարում շարունակվել են ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության ապահովման ու հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը: Տարին նշանավորվել է քաղաքական ակտիվ երկխոսությամբ, տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում քայլերի համադրմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում` ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլ բնագավառներում: «ԱԳՆ-ն աշխատել եւ աշխատում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Արմեն Ղեւոնդյանը:

Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների, ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին եւ տեխնիկական կանոնակարգմանն առնչվող՝ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման ընթացքի վերաբերյալ հարցեր:

Չնայած համաշխարհային տնտեսության անկման միտումներին՝ Հայաստանին 10 ամսվա կտրվածքով հաջողվել է ունենալ ընդամնեը 0,6 % անկում:

Ակտիվ եւ արդյունավետ աշխատանքներ են իրականացվել Բելառուսի Հանրապետության հետ: Վերջին 2 տարիներին հայ-բելառուսական ապրանքաշրջանառության ծավալը բավականին աճել է: Հայաստանից արտահանման մասնաբաժինը եւս մեծացել է: Նմանատիպ դրական դինամիկա է արձանագրվել նաեւ հայ-ղազախական առեւտրատնտեսական հարաբերութունների համատեքստում:

Ամփոփելով եւ գնահատելով կառույցի աշխատանքները՝ փոխնախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակում հնարավորինս ամեն ինչ արվել է լավ արդյունք ունենալու համար: 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...