Տպել
30.09.2005
2006 թվականին Բելառուսում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

Սեպտեմբերի 30-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Մարինա Դոլգոպոլովան եւ Սուրեն Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեց երկու երկրների միջեւ մշակութային կապերի խորացումը, մշակութային խմբերի փոխանակումը, հյուրախաղերի կազմակերպումը: Պարոն Գուլյակոն նշեց, որ հայ արտիստները մեծ հաջողությամբ մասնակցել են Վիտեբսկի  «Սլավյանսկի բազար» եւ Բրեստի փառատոներին եւ  ներկայացրել են բարձրակարգ արվեստ:Նշվեց, որ 2006 թվականին Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր են կազմակերպվելու:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հաջողություններ մաղթեց Բելառուսի մշակույթի օրերին եւ պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների միջեւ մշակութային կապերի զարգացմանը: