Տպել
24.03.2021
Կհստակեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
1 / 4

ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Միխայլովը, Կորյուն Մկրտչյանը, Վանիկ Օհանյանը Կառավարության հետ համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին:

Օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Օրինագծի նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ստեղծումն է, խտրական դրսեւորումների վերացումը, կարիքին համարժեք եւ  հասցեական ծառայությունների մատուցումը:

Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվել են՝  հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Մասնավորապես, «հաշմանդամություն», «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացություններին տրվել են հետեւյալ սահմանումները.

Հաշմանդամություն. առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:

Հաշմանդամություն ունեցող անձ. անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ (կամ) զգայական տեւական խնդիրների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:

Նախարարն ընդգծեց, որ գործող օենքով հաշմանդամություն ունեցող անձ է համարվում միայն առողջության խաթարմամբ, կենսագործունեության սահմանափակումներ ունեցողը, որն ունի սոցիալական ապահովության անհրաժեշտություն:

Նախագծում ներդրվել է նաեւ հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ծրագիրը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: Վերջինս նշեց, որ օրենքը գործում է 1993 թվականից եւ անգամ բառապաշարի ու եզրույթների առումով չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է ամբողջությամբ փոխել հաշմանդամության գնահատման տրամաբանությունը: Առաջարկվում է ներդնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ներկայացված գնահատման համակարգը կզրոյացնի սուբյեկտիվ մոտեցումները եւ քաղաքացիների կողմից հնչող բողոքները:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...