Տպել
30.09.2005
Կարեւորվեց սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հայաստանում

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյին: Հանդիպման առանցքում Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն էին:

Խորհրդարանի նախագահը Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին իրազեկեց, որ արտահերթ նիստով խորհրդարանն արդեն ընդունել է սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը երրորդ ընթերցմամբ եւ  հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունները: Փոխադարձաբար կարեւորվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստումը եւ քարոզչության իրականացումը, որպեսզի ամբողջ հասարակությունը տեղեկացված լինի գործող սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններին եւ կարողանա լիարժեք ընտրություն կատարել: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ սահմանադրության փոփոխությունները Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին նոր եւ կարեւոր քայլ են, որ քաղաքական ու տնտեսական առաջընթացի հնարավորություններ են ստեղծելու: Երկուստեք կարեւորվեց Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը` սահմանադրությունը եվրոպական չափանիշներին  համապատասխանեցնելու գործում: Պարոն Բուքիքիոն նշեց, որ խորհրդարանը իր կարեւոր ներդրումն է ունեցել եւ խոսքը արդեն  հասարակությանը եւ քաղաքական ուժերինն է, որոնց համախմբումը շատ կարեւոր է երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծան ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: