Տպել
01.04.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախաձեռնությանը
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին հրավիրված  արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի եւ Համազասպ Դանիելյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որով  նախատեսվում է բարեփոխել  համամասնական ընտրակարգը՝ տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է, մասնավորապես`  հանվել են համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման փոփոխությունները: Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր սահմանել իրավական հիմքեր, որոնք թույլ կտային հանրապետության  տարածքներում կարանտին սահմանվելու դեպքում ընտրություններն անցկացնել  հատուկ կանոններին համապատասխան:

Ինչպես նշեց հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը,  նախագծում մնում են ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն վերաբերող փոփոխությունները:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Նա  հստակեցրեց, որ նախագծից հանվել են ստացիոնար բժշկական հաստատություններում  շրջիկ արկղերով  քվեարկություններ իրականացնելուն վերաբերող դրույթները, որոնք տեղ էին գտել  առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված նախագծում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...